Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կրկին աչքի է ընկել օրիգինալ հայտարարությամբ՝ դերասան Ջորջ Քլունիին համեմատելով Հիտլերի հետ:

Հաղորդվում է, որ «Գանձեր որոնողները» ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ջորջ Քլունին կարծիք էր հայտնել, որ Մեծ Բրիտանիան պետք է Հունաստանին վերադարձնի ավելի վաղ այդ երկրից դուրս բերած Պարթենոնի մարմարե արձանը:

Ի պատասխան Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ Քլունիի առաջարկը հիշեցնում է «հիտլերյան քաղաքականությունը», հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:

Ջորջ Քլունին, իր հերթին, հայտարարել է, որ հասկանում է Ջոնսոնին եւ չարությամբ չի լցված նրա նկատմամբ:

«Ես քաղաքապետի մեծ երկրպագուն եմ եւ վստահ եմ, որ իմ հարգարժան ընկերը իրականում մտադիր չէր ինձ համեմատել Հիտլերի հետ»,-ասել է Քլունին՝ հավելելով, որ Ջոնսոնի չափազանցությունը կարող է ալկոհոլի ազդեցության հետեւանք լինել: