«Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբոր՝ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանի գործով դատաքննությունը ավարտվել է, եկել է կողմերի վիճաբանության փուլը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Մնացականյանի փաստաբանը՝ Աշոտ Հովսեփյանը:

Նա տեղեկացրեց, որ փետրվարի 19-ին կլսեն մեղադրողի ճառը, այնուհետեւ պաշտպանական կողմը հանդես կգա իր ճառով, եւ եթե միջնորդություններ չլինեն, ապա դատարանը կհրապարակի վճիռը:  «Տեսնենք՝ ինչ կասի մեղադրողը, որից հետո կկողմնորոշվենք: Ինքս էլ եմ պատրաստվում այդ վիճաբանությանը, ունեմ միջնորդություններ, որը հիմա չեմ բարձրաձայնի»,- ասաց փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ եթե մեղադրանքի նույն հոդվածը մնա, իր պաշտպանյալին սպառնում է 4 տարվա ազատազրկում, արդեն 10 ամիս է՝ նա ազատազրկված չէ: Համաներումը չի ազդելու Նվեր Մնացականյանի եղբոր վրա, քանի որ նրա դեմ կա նաեւ քաղաքացիական հայց՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու խնդիր, իսկ Ռուբեն Մնացականյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ  Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման  նախկին պետ Ռուբեն Մնացականյանին մարտի 27-ին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` պետությանը պատճառած 85 մլն դրամի վնասի համար: Այդ հոդվածով սահմանվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իսկ եթե այն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝  2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:  Նա կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով է անցնում: