Երեւանի բնակիչ, տաքսու վարորդ Աշոտ Ե.-ն մեղադրվում է Հանրապետության հրապարակում Էդմոնդ Ղ.-ին հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա ապրիլին: Էդմոնդ Ղ.-ն, նստելով Աշոտ Ե.-ին պատկանող տաքսին, Հանրապետության հրապարակում իջել է մեքենայից՝ առանց գումարը վճարելու: Աշոտ Ե.-ն վեճի է բռնվել ուղեւորի հետ, որի ընթացքում ձեռքով հարվածել է վերջինիս աջ աչքին եւ դիտավորությամբ պատճառել թեթեւ մարմնական վնասվածք:
Աշոտ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով եւ նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 27-ին:



























