Գեղամասար գյուղում ինքնասպանություն գործած 34-ամյա Արշակը ամուսնացած էր, ուներ 3-4 տարեկան երկու երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղամասարի գյուղապետ Գարեգին Բեկյանը:
Նա տեղեկացրեց, որ Արշակը շատ խելոք, աշխատող տղա է եղել, ընտանիքում եւս խնդիրներ չեն եղել, կինը եւս շատ խելոք է եղել, ոչ ոք նրանցից վատ բան չի տեսել կամ լսել: Երիտասարդը իր ընտանիքի հետ ապրում էր տատիկի տանը, ընտանիքում 5 եղբայր էին:
Գյուղապետը հայտնեց, որ Արշակը նախկինում պայմանագրային զինծառայող էր, իսկ դրանից հետո զբաղվում էր գյուղատնտեսությամբ:
«Ամբողջ գյուղի համար է հանելուկ, թե ինչու պետք է էդ տղան նման քայլի դիմեր: Էդ օրը առավոտյան իջնելուց ես իրեն տեսա, դարպասի մոտ կանգնած էր, բարեւեցի, ասացի՝ ոնց ես, ասաց՝ ամեն ինչ նորմալ է ու անցա»,-ասաց Գարեգին Բեկյանը:
Գյուղապետը հայտնեց, որ դեպքից առաջ որեւէ միջադեպ չի եղել, որեւէ գրություն չի թողել, նրան անասնագոմում կախված վիճակում հայտնաբերել է կինը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիս քաղաքում փետրվարի 16-ին ինքնասպանության դեպք է գրանցվել: Այն տեղի է ունեցել Գեղամասար գյուղում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն գյուղի երիտասարդ բնակիչ, 34-ամյա Արշակի դին տան անդամները հայտնաբերել են տանը կից անասնագոմում` կախված վիճակում: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:



























