Կիեւի Մայդանի բարիկադների վրա կանգնած մարդիկ լավ երկիր են ուզում՝ առանց Յանուկովիչի ու առանց կոմպրոմիսների, իսկ կուսակցությունները գործում են բացառապես իրենց շահերից ելնելով: Այս մասին NEWS.am-ին ասաց տնտեսագետ Սուրեն Սահակյանը, որը վերջերս է վերադարձել Կիեւից, ուր մեկնել էր ընկերների հետ Մայդանի ինքնակազմակերպման փորձն ուսումնասիրելու։

«Մայդանում հիմնական ուժը բարիկադների վրա կանգնած քաղաքացիներն են, որոնք հավատում են իրենց պայքարին: Նրանք լավ երկիր են ուզում եւ նահանջելու տեղ չունեն. կամ բանտում են 15 տարի նստելու, կամ հաղթելու են»,- իր տպավորությունները պատմեց Սուրեն Սահակյանը։

Տնտեսագետի խոսքով իր առաջնահերթ նպատակը Կիեւում կատարվածը սեփական աչքերով տեսնելն էր, հասկանալը:

«Մայդանը կարծես քաղաք-պետություն լիներ՝ իր օրենքներով, շատ բազմազան էր, բայց ամենակարեւորը, որ առանց ղեկավարության մարդիկ ինքնակազմակերպվել էին, գործում էին մի օրգանիզմի նման, եւ ամեն մեկն իր շատ կարևոր գործն էր անում առանց մռթմռթալու»,- պատմեց Սուրեն Սահակյանը:

Սուրենին հատկապես ապշեցրել էր Մայդանի մաքրությունը. «Էդ բարիկադներից ներս հազարավոր մարդիկ էին գնում, գալիս, բայց մի հատ կեղտի կտոր չէիր գտնի, կամ ասենք սիգարետի մնացորդ գետնին: Մարդիկ կարծես սրբորեն պահում էին մաքրությունը»:

Տնտեսագետի խոսքով` շատ է նաև հասարակության աջակցությունը պայքարող մարդկանց:

«Ամեն տեղ փող հավաքելու արկղեր են տեղադրված, բերում են նաև սիգարետ, հագուստ, վառելիք. այն, ինչ անհրաժեշտ է»,-պատմեց Սուրենը:

Սուրեն Սահակյանի մոտ ամենաշատը տպավորվել է մի դեպք, երբ Յանուկովիչի կողմնակիցներից մեկի կողմից ֆինանսավորված մարդուն, որին բռնել էին ինքնապաշտպանական ջոկատները, երկու օր աշխատեցրել են. «Ջուր էր տեղափոխելու, փայտ կոտրեր, տեղափոխեր ու բաց թողնեին, բայց ֆիզիկական հաշվեհարդար չէին տեսնելու»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընդդիմությունը 2013թ. դեկտեմբերի 22-ին,  «Ժողովրդական վեչե»- ում հայտարարել է «Մայդան» ազգային միավորում» համազգային ժողովրդական հասարակական կազմակերպության ձեւավորման մասին: «Մայդան»-ի խորհրդի կազմում են «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, ՈւԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Ազատություն» կուսակցությոան ղեկավար Օլեգ Տյագնիբոկը, 7-ամյա ազատազրկման պատիժը կրող նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն, արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Տարասյուկը, գործարար և քաղաքական գործիչ Պետր Պորոշենկոն, Գերագույն ռադայի ընդդիմադիր պատգամավորներ, ընդդիմադիր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։