Աչքի խնձորակի սուբատրոֆիայով տառապող 3-ամյա Իգոր Զաքիյանին, եւ նրա մորը ֆրանսիական դեսպանատունը այսօր` փետրվարի 17-ին, արդեն երրորդ անգամ թույլ չի տվել բուժվելու նպատակով մեկնել Ֆրանսիա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Իգորի հայրը` Ռոման Զաքիյանը:
«Նախնական տվյալներով, բոլոր մուծումներով մենք պատրաստ էինք, բայց դեսպանատունը վերջին օրով ինչ-որ թղթեր է պահանջել, որը չենք հասցնում դասավորել: Էրեխուս վիճակն էլ օր-օրի վատանում ա, հիվանդության պատճառով աչքն աստիճանաբար փոքրանում ու քայքայվում է»,-պատմեց Ռոման Զաքիյանը` նշելով, որ երեխայի բուժումը փաստորեն եւս մի քանի շաբաթով հետաձգվելու է:
Ռոման Զաքիյանը չի հասկանում, թե որն է դեսպանատան մերժելու պատճառը. «Ես արդեն չգիտեմ՝ ինչու է մերժում դեսպանատունը, ես նույնիսկ երեխայիս հետ եմ փող հավաքել Երեւանի փողոցներում, որ նրան շուտ վիրահատեն, բոլոր վճարումները Ֆրանսիայի հիվանդանոցում արել եմ, պաշտոնական հրավերը ստացել եմ ու հիմա չգիտեմ՝ ինչ է լինելու»,-ասաց հուսահատված Ռոման Զաքիյանը:
Երեխան ծնվել է 2010թ. նոյեմբերին, իսկ դեկտեմբերին նրա աչքն առաջին անգամ վիրահատել են, որից հետո հիվանդությունն սկսել է արագորեն զարգանալ:
Հոր խոսքով` երեխայի բուժման համար անհրաժեշտ է 30 հազար եվրո, որից հավաքել է 15 հազար եվրո, բայց ոչ մի մեծահարուստ իրեն չի օգնել. «Ինձ սովորական մարդիկ են օգնել, չունեցողը ավելի սրտացավ է, քան ունեցողը»:
Ռոման Զաքիյանը չի սպասելու մինչեւ գումարն ամբողջությամբ հավաքվի, երեխային ուղարկելու է Ֆրանսիա բուժվելու, քանի որ երեխան կուրանալու վտանգի առջեւ է կանգնած:


























