Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Մշտական ներկայացուցչությունում  ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 17-ին ընդունել է  հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին`  Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:

ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունից հայտնում են, թե ԼՂՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:

Հանդիպման ընթացքում Ա.Ղուլյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը:

ԼՂՀ ԱԺ նախագահը նշել է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները և Ադրբեջանի կողմից մշտապես հնչող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այդ երկրի` հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու պահվածքի մասին:

Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորում հնարավոր չէ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լոնդոնում: