Հայ-Բրիտանական միջխորհրդարանական խմբի անդամներն այսօր՝ փետրվարի 17-ին ժամանել են Հայաստան հանդիպելու Հայաստանի իշխանությունների, գործընկերների, քաղաքական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ, քննարկելու Հայաստանի ու Միացյալ Թագավորության համատեղ ծրագրերն ու համագործակցության ուղիները:

Բրիտանական դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատգամավորներին այսօր ընդունեց Երեւանում դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Ըմիաս Մորզը: Պատգամավորները այցելեցին հայ-բրիտանական «Ֆարմաթեք» ընկերություն, ծանոթացան դեղագործական այս ընկերության գործունեությանը, հայկական բիզնես միջավայրի հնարավորություններին:

Պատգամավորները հանդիպեցին նաեւ Ջոն Սմիթի կրթաթոշակառուների հետ: Նրանք քննարկեցին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր, հետաքրքիր գաղափարներ փոխանակեցին Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր համագործակցության վերաբերյալ: