Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հասցեին Գեորգի Էլիբեգովի մեղադրանքներն իրավական տեսանկյունից անհիմն են, NEWS.am-ի թղթակցին ասաց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ Գեորգի Էլիբեգովը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի հասցեին երկու մեղադրանք է ներկայացրել: Առաջինը այն, որ թեմին բարեգործական նպատակով հատկացված 100 հազար լարին (մոտ 60 հազ. դոլար), փոխանցվել են առաջնորդի անձնական հաշվին: Երկրորդ՝ վերոնշյալ գումարը նպատակային չի ծախսվել:
Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ առաջին մեղադրանքի հետ կապված իրենց կազմակերպությունը համապատասխան փաստաթղթեր է պահանջել, որոնք ներկայացվել են եւ ապացուցվել է, որ գումարը ամբողջությամբ փոխանցվել է Վիրահայոց թեմի հաշվին եւ համապատասխան հիմնադրամի միջոցով ծախսվել Թբիլիսիի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու վերականգնման համար:
«Թեմը իրավական առումով ոչ մի կապ չունի հիմնադրամի հետ, որի հիմնադիրը ՀՀ քաղաքացի ոմն Էդուարդ Մանուկյանն է», - հավելել է Ստեփանյանը:
Հարցին, թե արդյոք Գեորգի Էլիբեգովը «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի անդամ է, նա պատասխանել է. «Երկու տարի առաջ Էլիբեգովը կոալիցիայի ակտիվիստ էր, բայց այժմ աչքի չի ընկնում իր գործունեությամբ»:
Անդրադառնալով հայկական եկեղեցու ծխականների եւ Գեորգի Էլիբեգովի միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ Առնոլդ Ստեփանյանը պատմել է, որ մի խումբ ծխականներ, հոգեւորականներից մեկի եւ համայնքային մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչների գլխավորությամբ, որոշել են գնալ Էլիբեգովի տան մոտ՝ նրա մեղադրանքների առնչությամբ իրենց բողոքը հայտնելու:
«Բանն այն է, որ ակցիայի ընթացքում մասնակիցների ձեռքին ձվեր եւ բարձրախոս է եղել: Հասկանալի է, որ բողոքի այս տեսակը ագրեսիա կծներ: Արդյունքում կռիվ է սկսվել, կողմերը բացարձակապես իրար հակասող հայտարարություններ են արել, եւ երկու կողմերն էլ տուժել են», - նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ հարեւանների միջամտությամբ կռիվը հանդարտեցվել է, նրանք ոստիկանություն են կանչել, պատմել կատարվածի մասին, եւ այժմ քրեական գործ է հարուցվել:
«Երկու կողմերն էլ ծայրահեղ վարք են դրսեւորել եւ մամուլի միջոցով կիրառել այսպես կոչված սեւ PR-ի տեխնոլոգիաներ: Ամեն դեպքում, եկեղեցին պետք է ավելի զուսպ լինի: Հուսով եմ՝ միջադեպը կմոռացվի, երկխոսության նման մի բան արդեն առկա է, եւ կողմերը հասկանում են, որ դիմակայությունը շարունակելը կտանի փակուղի եւ ոչ մի կողմին էլ ձեռնտու չէ»,- ամփոփել է Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, փետրվարի 16-ին միջադեպ էր տեղի ունեցել Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ոմն Գոգա (Գեորգի) Էլիբեգովը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդի հասցեին իր հայտարարություններով զայրացրել էր եկեղեցու հայ ծխականներին: Նրանցից առավել ակտիվները Էլիբեգովի հետ կռվի էին բռնվել:




























