Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պնդում է, թե բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր իրական ունեցվածքը եւ որեւէ բան չի թաքցրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովալենկո Շահգալդյանը:
«Ինչ ունեմ, էն եմ գրել, ինչի՞ց պիտի թաքցնեի,- ասաց նա: Իսկ թե ինչու չի ներկայացրել գազալցակայանը, ռեստորանը, տարբեր այլ օբյեկտները, մարզպետն ասաց, որ այդ միֆերը լրագրողներն են ստեղծել, ինքը ռեստորան չունի: Կոտայքի մարզպետը իրեն կալվածատեր չի համարում: «Մենակ դուք եք ինձ տենց համարում, ես ընդհանրապես մի թիզ հող էլ չունեմ»:
Ինչ վերաբերում է իր կնոջ հայտարարագրում ներկայացված երկու թանկարժեք մեքենաներին եւ թե դրանք ինչպես է ձեռք բերել, Կովալենկո Շահգալդյանն ասաց. «Երկու մեքենա չի, մեկ ա, իսկ ինչի՞ պիտի չլինի, չէ՞ր կարող մի մեքենա ունենար, կինս իմ հետ ապրում է, չունենա՞»:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում փորձել է համեստ երեւալ։ Նա իր բազմաթիվ կարողությունները՝ գազալցակայան, ռեստորան, տարբեր այլ օբյեկտներ, պարզապես թաքցրել է։
«Ամենակալվածատեր մարզպետի համարում ունեցող Շահգալդյանը պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 3 մլն դրամ, 13 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ ահա նրա կինը՝ Գայանե Շահգալդյանը, պարզվում է՝ արտասահմանյան ավտոմեքենաների մեծ սիրահար է։ Մարզպետի տիկնոջ անունով հայտարարագրվել են 21 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» Պասսատ b6 եւ 28 հազար դոլար արժողության «Ֆոլկսվագեն» Պասսատ b7 մակնիշի մեքենաներ»,-գրել էր թերթը։



























