Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է փաստացի օտարված եւ համապատասխան ձեւակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների գրանցման եւ հաշվառման հարցում աջակցել քաղաքացիներին` տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն եւ իրավական խորհրդատվություն:

Բացի այդ, ոստիկանության պետը Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է նաեւ շահագրգիռ կողմերի, մասնավորապես` ապահովագրական ընկերությունների, հասարարակական կազմակերպությունների, ինչպես եւ անհատ անձանց հետ ուսումնասիրել ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրի համադրման արդյունքում կայացված որոշումների հիման վրա ի հայտ եկած ու տարիներ շարունակ փաստացի վաճառված, սակայն ձեւակերպումներ չստացած տրանսպորտային միջոցների սեփականատերերի խնդիրը եւ կարճ ժամկետում ներկայացնել առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ: