«Օրինաց երկիր» կուսակցությունը չի միանա Ազգային ժողովի 4 ոչ կոալիցիոն ուժերի համատեղ պահանջին` խորհրդարանում բարձրացնելու կառավարության հրաժարականի հարցը: Այս մասին այսօր` փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Ես պետք է ասեմ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը կնքել է կոալիցիոն պայմանագիր Հանրապետական կուսակցության հետ մինչեւ 2017թ.: Մենք սկզբունքային ուժ ենք եւ հավատարիմ ենք մնալու մեր կոալիցիոն պայմանագրին»,- ասաց պատգամավորը:
Հեղինե Բիշարյանն ընդունում է, որ կառավարությունը որոշ հարցերում թերանում է: «Որեւէ մեկը հակառակ կարծիք չի հայտնում, որ կան խնդիրներ, որոնք չեն լուծվել: Ժողովրդին մտահոգող խնդիրներն այնքան արագ են աճում, քան կառավարությունը լուծում է դրանք»:
ՕԵԿ պատգամավորը հորդորեց կառավարության անդամներին արագ գործել:
Հիշեցնենք, որ ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերը պատրաստվում են խորհրդարանում բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջը: Նախատեսվում է, որ այդ հարցը կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում:



























