Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Haberturk պարբերականի սեփականատիրոջ միջեւ տեղի ունեցած հերթական հեռախոսազրույցի ձայնագրությունն է հայտնվել համացանցում։

Կրկին Twitter-ի միջոցով հրապարակված հեռախոսազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Haberturk պարբերականի սեփականտեր Ֆաթիհ Սարաչին հրահանգում է քիչ գրել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլի մասին եւ շեշտում, որ ինքն անձամբ է հետեւում լուրերին։

Հեռախոսազրույցում Haberturk-ի սեփականատերը խոստանում է վարչապետի ասածները հաշվի առնել։

Նշենք, որ վերջին շրջանում ինտերնետում հայտնվել էին գաղտնալսված հեռախոսազրույցներ, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրերի հետ կապված հրահանգներ է տալիս Haberturk-ի սեփականատեր Ֆաթիհ Սարաչին եւ գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին։

Այս հեռախսազրույցները մեծ արձագանք են գտել սոցկայքերում եւ նույնիսկ հումորներ են շրջանառվում «Ալո, Ֆաթիհ» զրույցի համատեքստում։