Թեեւ մեկ տարի առաջ նախագահական ընտրությունների ընթացքում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին, իշխանությունները կեղծեցին ընտրությունների արդյունքները: Այս մասին փետրվարի 18-ին Երեւանի հյուրանոցներից մեկում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Հյուրանոցի դահլիճում, որտեղ 130 մարդ է տեղավորվում, ի տարբերություն նախորդ հանդիպման, բավական ազատ տեղեր կան, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: Նախքան միջոցառումը սկսելը, Րաֆֆի Հովհաննիսյանն ավանդաբար ձեռքով բարեւել է ներկաների մեծ մասին: Նա խոստովանել է, որ կարոտել է հավաքվածներին՝ նշելով, որ առաջիկայում կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում կտա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանը:
Հիշեցնենք, ավելի վաղ նախատեսվում էր հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում, ինչն արտոնել էր Երեւանի քաղաքապետարանը: Սակայն ավելի ուշ հանրահավաքը փոխարինվել էր համակիրների հետ հանդիպմամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























