Վենեսուելայի մայրաքաղաքում քաղաքացիական հագուստով զինված անձինք, գլխներին սաղավարտներ, ներխուժել են «Ժողովրդական կամք» շարժման գրասենյակ եւ գրավել այն:
Ցանցում հայտնված կադրերում երեւում է, թե ինչպես են մի քանի մարդ ներխուժում գրասենյակ եւ զենքն ուղղում ներկաների վրա: Այնուհետեւ փորձում են կոտրել հիմնական կառույցի դուռը:
Շարժման տվյալով՝ ներխուժումն իրականացրել են Վենեսուելայի ռազմական հակահետախուզական եւ ազգային գվարդիայի աշխատակիցները, ընդ որում՝ նրանք իբր արցունքաբեր գազ են կիրառել:
Շարժման ներկայացուցիչների խոսքով՝ մի քանի մարդ ձերբակալվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Հարկ է նշել, որ «Ժողովրդական կամք» շարժման առաջնորդ Լեոպալդո Լոպեսին իշխանությունները մեղադրում են նախորդ շաբաթ հակակառավարական ելույթների ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար: Լոպեսը փախուստի մեջ է, սակայն Twitter-ում տեղադրած տեսաուղերձում կողմնակիցներին կոչ է արել փետրվարի 18-ին բողոքի նոր ցույց կազմակերպել:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Վենեսուելայի տարբեր քաղաքներում երկրի նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների երթեր էին տեղի ունեցել: Անկարգությունների հետեւանքով երեք մարդ զոհվել, տասնյակները վիրավորվել էին:




























