Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին Երկրապահ կամավորների վարչության անդամ դարձնելով՝ հերթական անգամ պաշտպանում են եւ վերցնում իշխանության հովանու ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը:

«Ո՞ր ծառայության համար են ԵԿՄ անդամ դարձրել, ինքը ընդհանրապես չի ծառայել, գնացել ա Հորադիզ, զորքը թողել ու փախել»,- նշեց նա: Բուդաղյանների հոր խոսքով՝ այդպես լրիվ կպաշտպանեն Սուրեն Խաչատրյանին ու դա արել է ոչ Մանվել Գրիգորյանը, այլեւ նախագահը,  «Մանվելը ի՞նչ պիտի աներ, դա արել է նախագահը,  այդպես էլ պետք է լիներ, իսկական հերոսներին բռնում են»:

Էմիլ Բուդաղյանը շեշտեց, որ իրենց միայն հետաքրքրում է  դատական պրոցեսը, նա վստահ է, որ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի:

Նշենք, որ ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին վարչության անդամ են ընտրվել մի շարք անձինք, որոնք ոչ միայն չեն մասնակցել պատերազմին, այլեւ նույնիսկ բանակում չեն ծառայել: ԵԿՄ վարչության անդամներից են պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ Սամոն», Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: