Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խիստ քննադատության է ենթարկել։

Առաջիկա ընտրություններում Ստամբուլի քաղաքապետի թեկնածու եւ ներկայում Շիշլիի քաղաքապետ Մուսթաֆա  Սարըգյուլը խիստ է արձագանքել այն փաստին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Haberturk-ի սեփականատիրոջը հրահանգել էր իր մասին լուրեր քիչ տեղադրել եւ գրաքննել դրանք։

«Այսօր հրապարակված հեռախոսազրույցը ցույց տվեց, թե ինչպես են ժողովրդավարությունն սպանում այս երկրում»,-գրել է Twitter-ի իր էջում Մուսթաֆա Սարըգյուլը՝ հավելելով, որ այս ամենն իրեն աշխարհի առաջնորդ կարծող թշվառ բռնապետի վերջին ջղաձգումներն են։

Նշենք, որ փետրվարի 18-ին ինտերնետում Էրդողանի եւ Haberturk պարբերականի սեփականատեր ֆաթիհ սարաչի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունն է հայտնվել, որում Էրդողանը հրահանգում է Մուսթաֆա Սարգյուլի մասին լուրեր քիչ տեղադրել եւ գրաքննել դրանք։