Ծառայության ժամանակ սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ չեն հանդիպել եւ գումար չեն խնդրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի եղբայր Ալիկ Ստեփանյանը՝ անդրադառնալով տարածված տեղեկությանը, թե մոր բուժման համար իրենք նախարարությունից գումար են խնդրել:
«Գնացել էի նախարարություն մի թուղթ վերցնելու: Միջանցքում տեսել են, մտածել են, որ գնացել եմ փող ուզելու, բայց ըտենց բան չկա: Ընդամենը թուղթ էր պետք, առաջին հարկից վերցրել ու դուրս եմ եկել»,- ասաց Ալիկ Ստեփանյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե խոսքն ինչ փաստաթղթի մասին է:
Ալիկ Ստեփանյանը նշեց, որ մայրը՝ Լուիզա Ստեփանյանն իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունի, բայց իրենք, երբեք Լյուքսի անունը շահարկելով, գումար չեն ստացել:
«Մայրս իսկապես հիվանդ է, բայց դա ի՞նչ կապ ունի: Բացի դրանից՝ մամայիս սխալ են հասկացել, մամաս ոչ մեկից փող չի ուզել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: Դավիթ Խաչատրյանը կալանավորված է:



























