Ամենակարեւորն այն է, որ ուկրաինացիներն իրենք պետք է լուծեն երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը՝ անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ ներկայումս Ուկրաինայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բրիտանիայի, ինչպես նաեւ Եվրոպայի այլ երկրների կառավարությունները կոչ են անում  այդ երկրի իշխանություններին եւ ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ, խաղաղ երկխոսություն սկսել եւ հասնել որոշակի կոնսենսուսի՝ պետության ապագայի վերաբերյալ:

Նշենք, որ Ուկրաինան «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում (2013-ինոյեմբերի 28-29-ին) չի ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ 2013-ի նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշել է դադարեցնել այդ համաձայնագրի նախապատրաստման գործընթացը: Դա բուռն հակազդեցություն է առաջացրել Ուկրաինայում եւ ողջ երկրի տարածքում հանրահավաքների ալիք է սկսվել:

Այսօր ընդդիմության կողմնակիցները փորձել են գրավել իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը եւ մի շարք պետական շենքեր: Ուկրաինայի ՆԳՆ-ն եւ Անվտանգության ծառայությունը վերջնագիր են ներկայացրել ընդդիմությանը՝ եթե մինչեւ ժամը 18:00-ն (Երեւանի ժամանակով 20:00-ն) անկարգությունները չդադարեցվեն, Ներքին զորքերը կարող են «վճռական գործողությունների» անցնել: