Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջում է կառավարության հրաժարականը, ինչո՞ւ չի պահանջում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս հարցը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տվել է քաղաքագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով կուսակցության առաջնորդի ելույթին յոթերորդ համագումարի ընթացքում:
Նրա համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի բավական ընդդիմադիր ելույթ է ունեցել: «Ինչ վերաբերում է նրան, արդյոք ընդդիմադիր են նրանք, ապա իրենք իրենց երբեք ընդդիմադիր ուժ չեն անվանել, ասում են, որ այլընտրանքային են»,- նշել է Կարեն Քոչարյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի ելույթի այն հատվածին, համաձայն որի կուսակցությունը պետք է համախմբող քաղաքական ուժ դառնա, քաղաքագետը հարց է տալիս՝ հանուն ինչի են նրանք համախմբվում: «Ընդհանրապես քաղաքական դաշտում գործում է Նյուտոնի 3-րդ օրենքը՝ F=-F, այսինքն ուժը հավասար է հակազդեցությանը: Որքան ուժեղ է իշխանությունը, այնքան ուժեղ պետք է լինի ընդդիմությունը: Հայաստանի դեպքում երկուսն էլ ձգտում են զրոյի: Հասարակության համար իդեալական կլինի, եթե եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը ուժեղ լինեն»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը:
Քաղաքագետը նաեւ նշել է. «Գագիկ Ծառուկյանը նշում է փոքր ու միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտության մասին ու ոչ մի խոսք խոշոր բիզնեսի մասին: Այսօր պետակա բյուջեի 60 տոկոսն ապահավում է մեր բիզնեսը: Սակայն խոշոր բիզնեսը հարկեր չի վճարում»,- հայտարարել է Քոչարյանը:
Ինչ վերաբերում Գագիկ Ծառուկյանի պատրաստակամությանը՝ հանդիպել հայ ձեռներեցների հետ ներդրումներ կատարել համոզելու համար, նա նշել է. «Երբ Հայաստանում կայուն քաղաքական դաշտ կլինի, որից էլ տնտեսականն է բխում, կարծում եմ կվերադառնան: Մեզանից բացի մեզ ոչ ոք չի օգնի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Բարգավաճ Հայաստանի» յոթերորդ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել երկրի գործող իշխանության քննադատությամբ: Մասնավորապես, նա ընդգծել է. «Յուրաքանչյուր քայլ կամ որոշում, որն առաջարկում է Կառավարությունը, սակայն չի ընդունում ժողովուրդը, մենք պետք է այլընտրանքային տարբերակ առաջարկենք: Հասարակության տարբեր հատվածներում բողոքի ցույցերի ու դժգոհության դեպքում մենք պետք է այդ մարդկանց կողքին լինենք, լսենք նրանց խնդիրները ու փորձենք արդար լուծման հասնենք: Այսօր մեր առջեւ մի շարք խնդիրներ կան. կա արտագաղթի խնդիր եւ որ ամենակարեւորն է, մարդկանց շրջանում մարում է հույսը, որ դժվարություններին վերջ կլինի»: «Բարգավաճ Հայաստանը», նրա խոսքով, պետք է բաց լինի մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: «Մենք պետք է լինենք հուսալի, սկզբունքային ու համախմբող քաղաքական ուժ»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Նա նաեւ հավելել է. որ պատրաստ է անձամբ այցելե այն երկրները, որտեղ շատ հայեր կան, հանդիպել հարուստ հա ձեռներեցներին, համոզել նրանց վերադառնալ հայրենիք ու ներդրումներ կատարել Հայաստանում:



























