Հայաստանում մարդիկ սովոր են իրավաբանական ծառայությունների համար դիմել ոչ թե ընկերության, այլ փաստաբանի, ինչն էլ երկրում փաստաբանության զարգացումը խոչընդոտող գործոններից մեկն է։ Այս մասին Iravaban.net կայքի հետ հարցազրույցում ասել է «AM» իրավաբանական գրասենյակի կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը։

«AM» ընկերությունը գրեթե մեկ ամիս է՝ փաստաբանի թափուր հաստիք ունի, սակայն դիմորդների թիվը, Գրիգոր Մինասյանի խոսքով, բավական փոքր է. «Զարմանում ենք, թե ինչո՞ւ են փաստաբանի լիցենզիա ունեցող անձինք նախընտրում աշխատել միայնակ: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այն ծառայությունները, որոնք մատուցում են միայնակ փաստաբանները, ավելի ցածր որակի են, քան այն ծառայությունները, որոնք մատուցվում են փաստաբանների խմբի կողմից»:

Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, Գրիգոր Մինասյանի խոսքով, իրավիճակը փոխվում է. «Աստիճանաբար մարդիկ հասկանում են, որ առավել շահավետ է ու գրագետ դիմել ընկերության և ստանալ ավելի պրոֆեսիոնալ ծառայություն»։

Իրավիճակը փոխել, ըստ Գրիգոր Մինասյանի, կարող են հենց իրավաբանական ընկերությունները՝ բարձրացնելով իրենց վարկանիշը, որի գլխավոր երաշխիքը պրոֆեսիոնալ գործունեությունն է՝ պրոֆեսիոնալ աշխատակազմի միջոցով։ Կադրերին «AM»գրասենյակում ընտրում են երկար աշխատանքային կանոնակարգով հաստատված մեխանիզմներով, ինչպես Գրիգոր Մինասյանն է նշում, ծանր ֆիլտրացիայի միջոցով։

«Մեզ համար առավել հաջողված են այն պատմությունները, երբ հաճախորդը մեկ անգամ մեզ դիմելուց հետո կրկին դիմում է կամ խորհուրդ են տալիս նաև իրենց հարազատներին կամ ընկերներին օգտվել մեր ծառայություններից: Հաճելի է նաև այն, երբ հաճախորդները դիմում են մեզ ոչ թե այն ժամանակ, երբ արդեն դանակը ոսկորին է հասել և կա լուրջ խնդիր, այլ այն դեպքերում, երբ մեր աշխատանքները կանխարգելիչ բնույթ են կրելու»,- ասել է Գրիգոր Մինասյանը:

Դաշտում գործող մյուս իրավաբանական ընկերություններից «AM»-ը առանձնանում է նրանով, որ ծառայությունները մատուցում է իրավունքի բոլոր ճյուղերով: Ընկերությունն առանձնացնում է ծառայությունների մատուցման երկու տեսակ՝ կոորպորատիվ առաջարկ և բիզնես խորհրդատվություն:

«Կոորպորատիվ առաջարկն այն է, երբ ընկերությունը, դիմելով մեզ, կարող է ամբողջովին իրավաբանական ոլորտը վստահել մեր ընկերությանը: Այսինքն՝ չունենալով իրավաբանի աշխատանքային հաստիք՝ մեր ընկերության միջոցով կարող է իրականացնել այն բոլոր գործառույթները, որոնք կապված են իրավունքի հետ: Բիզնես խորհրդատվությունը մենք ներմուծել ենք 2013 թվականից: Ընկերությունը, որն ունի աշխատակարգային խնդիրներ, այսինքն՝ հաճախորդ ընդունելուց սկսած մինչև սպասարկման ծառայություններ, դիմում է մեզ իրենց խնդիրները հասկանալու, գնահատելու, խորհրդատվություն տրամադրելու համար: Մենք առաջարկում ենք այն լավագույն մոդելը, որը բարձրացնում է և՛ ընկերության շահութաբերությունը, և՛ ծառայությունների որակը»:

Գրասենյակն այժմ մատուցում է նաև Pro Bono ծառայություններ. ամսական կտրվածքով անվճարունակ քաղաքացիների համար որոշակի քանակի գործեր են ընտրվում և մատուցվում անվճար իրավաբանական ծառայություններ. «Մարդիկ դիմելով մեզ, պետք է իմանան, որ միայն վճարելով չէ, որ կարող են ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն»։

Ընկերությունը գործընկերներ ունի Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում, համագործակցում է իրավաբանական ծառայությունների մատուցման համաշխարհային առաջատար, ամերիկյան հայտնի «Բեյքեր ընդ ՄաքՔենզի» ընկերության հետ։ 2013-ից գրասենյակը ծառայություններ է մատուցում նաև հաշվապահության ոլորտում: 2015-ին ցանկանում ենք գրասենյակ հիմնել մարզում, ընդլայնել արտասահմանյան գործընկերների շրջանակը:

«Փորձելու ենք բարձրացնել Հայաստանի վարկանիշը մեր պրոֆեսիոնալ գործունեությամբ, որպեսզի Հայաստանի անունն ասոցացվի նաև որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցող երկրի հետ»:

Հենց այս նկատառումով էլ ընկերությունն անվանել  են «AM». «Փորձեցինք այնպիսի անվանում ընտրել, որն առաջին հերթին կասոցացվի հենց Հայաստանի հետ: Իսկ AM-ը Հայաստանի պաշտոնական անվանումն է՝ կրճատ»:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։