Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ փետրվարի 18-ին ընդունել է ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանին եւ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Խոսելով հայկական Սփյուռքի առջեւ ծառացած մարտահրավերների մասին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն առաջնային է համարել հայոց լեզվի ուսուցումը, պահպանումը եւ տարածումը՝ որպես հայ ինքնության պահպանման միակ առհավատչյա: Հյուրերին ներկայացվել են նաեւ այս ուղղությամբ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող լեզվի դասավանդման, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը:

«Հանդիպման ընթացքում քննարկվեց մայրենի լեզվի ուսուցման նպատակով ՀԲԸՄ-ի հետ համատեղ սփյուռքի նախարարության կողմից վիրտուալ հեռուստադպրոցի ստեղծման հարցը: Նախատեսվում է հեռահար ուսուցմամբ մայրենին հասանելի դարձնել հայկական Սփյուռքի տարբեր համայնքներին: Հայոց լեզուն դասավանդվելու է օտար լեզվի հիմքով: Ծրագիրը նախատեսված է լեզվի իմացության տարբեր մակարդակների համար՝ հաշվի առնելով առանձին երկրներում լեզվի ուսուցման պահանջարկը եւ նախատեսված է 10 տարեկան եւ ավելի մեծ տարիքի երեխաների համար»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Դասընթացն իրականացվելու է ինտերակտիվ մեթոդով ուսուցողական վարժությունների միջոցով: Այն հեռուստադպրոցի աշակերտների հարցերին օն-լայն պատասխանելու, շփման, կարծիքները փոխանակելու եւ քննարկելու հնարավորություն է ընձեռում: Ավելի ուշ նախատեսվում է նաեւ կազմակերպել արեւմտահայերենի ուսուցում: