Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված 18-ամյա զինծառայող Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանի մեղադրանքն առերեսման ժամանակ հերքվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
«Մեկ շաբաթ առաջ առերեսում է եղել մեկի հետ, ում անունն իրավունք չունեմ տալու, քանի որ նախաքննությունը շարունակվում է, բայց ասեմ, որ առերեսման ժամանակ մեղադրանքը հերքվել է: Ինչում որ մեղադրում են, ես միջնորդել եմ, առերեսում է տեղի ունեցել, որը հերքվել է:»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալին անհիմն են մեղադրում:
Արման Թադեւոսյանն ու իր փաստաբանը սպասում են, թե երբ նախաքննական մարմինն իրական ապացույցներ կներկայացնի:
«Մենք պարտավոր չենք որեւէ բան ապացուցելու: Նախաքննական մարմինն է պարտավոր ապացուցել այն մեղադրանքները, որ առաջադրել է: Ասեմ միայն, որ մինչեւ այս պահը ոչ մի ապացույց ինձ չի ներկայացվել»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշել էր, որ Արման Թադեւոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Արմանը զինվորին չի ծեծել, չի հարվածել: Նա ընդամենը բժիշկ է եւ ցույց է տվել բժշկական օգնություն: Նրան առաջադրված հոդվածներից որեւէ մեկը չպետք է լիներ: Մինչ օրս անգամ Արմանի հետ առերեսում չի եղել, նա ցուցմունք չի տվել»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել էր քրեական գործ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ-ի 376-րդ հոդվածի 1-ին մասի (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը), 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը) հատկանիշներով:
Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:


























