«Բանդայի» գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը կասկածում է, որ իր պաշտպանյալն ի վիճակի կլինի մասնակցել փետրվարի 19-ին նշանակված դատական նիստին:
«Այսօր եմ այցելել Քյարամին: Մոտ 40 րոպե սպասելուց հետո եկավ, բայց վիճակը չի փոխվել. կցկտուր է խոսում, անկապ բաներ է ասում: Առողջական տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ վիճակը լավ չէ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Քյարամ Ամոյանը փաստաբանի պնդմամբ հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Փետրվարի 12-ին կայացած դատական նիստին Քյարամը չէր մասնակցել: Կողմերն առաջարկել էին դատական գործը շարունակել առանց Ամոյանի ներկայության:
«Դատապարտյալների հիվանդանոցի համար չեպե է, որ իրենց հիվանդը նիստի չի մասնակցում: Դրա համար հստակ չեմ կարող ասել՝ վաղվա համար ինչ որոշում կկայացնեն: Հնարավոր է՝ էս վիճակին բերեն, էնքան որ ասեն՝ բերել ենք»,- ասաց փաստաբանը:
Փետրվարի 5-ին Սամվել Հովհաննիսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի Քյարամին նոր դատաբժշկական փորձաքննություն նշանակվի՝ որոշելու համար նա կարող է մասնակցել դատական գործընթացի, թե ոչ:
«Քյարամին այսօր հազիվ եմ բացատրել, որ հնարավոր է՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակվի: Ասում է՝ ես գի՞ժ եմ, ինձ գժանո՞ց են տանելու: Չի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց ես պետք է բացատրեի, որ հետագայում ավելի մեծ սթրես չապրեր»,- նշեց փաստաբանը:
Անդրադառնալով Քյարամի մոր՝ Կարինե Ամոյանի հայտարարությանը, թե հարցին լուծում չտալու դեպքում ինքը պատրաստվում է իրեն ու ընտանիքին հրապարակում վառել, փաստաբանը զարմացավ. «Հրապարակում ինքնահրկիզվելը ո՞րն է: Չգիտեմ՝ ինչու է նման բան ասել: Մայր է, հնարավոր է հուզված է եղել, ասել է»:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին ժամը 14:00-ին:


























