Մեծ Բրիտանիայի կառավարության դիրքորոշումը Շոտլանդիայի անկախության հարցում հստակ է. շատ ավելի լավ կլինի մնալ մեկ պետության՝ Միացյալ Թագավորության, կազմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էլվսը՝ անդրադառնալով Շոտլանդիայում սպասվող անկախության հանրաքվեին:
Դիվանագետի խոսքով՝ ցանկացած ոլորտի տեսանկյունից, լինի արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ներքին գործեր, ավելի լավ կլինի, եթե Մեծ Բրիտանիան եւ Շոտլանդիան մնան միասին:
Ջոնաթան Էյվսն ընդգծել է, որ Բրիտանական կառավարությունը շատ է ուրախացել, որ շոտլանդացիները ցանկանում են իրենց ձայնն ունենալ սեփական երկրի հետագա ճակատագրի հարցում: «Միաժամանակ, բրիտանական կառավարությունը հայտարարել է. «ինչ որոշում էլ ընդունի շոտլանդացի ժողովուրդը, մենք դրան հարգանքով կվերաբերվենք»: Այնպես որ, մենք պետք է սպասենք սեպտեմբերին, որ լսենք՝ ինչ կասի շոտլանդացի ընտրողը: Անձամբ ինձ համար շատ դժվար է ասել, թե ինչ են առաջարկում Շոտլանդիայի անկախության կողմնակիցները: Ես շոտլանդացի չեմ եւ ներկայացնում եմ կառավարությունը, որը նախընտրում է, որ մենք միասին մնանք»,-ասել է դեսպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ անկախ Շոտլանդիայի համար «դժվար կլինի, եթե ոչ անհնարին» անդամակցել Եվրամիությանը Մեծ Բրիտանիայից առանձնանալու դեպքում:
«Ես համարում եմ, որ դա բավական բարդ կլինի, եթե ոչ անհնարին, քանի որ նոր անդամի անդամակցությունը պետք է հաստատեն մյուս բոլոր պետություններհ»,- պարզաբանել է Բարոզուն ի պատասխան առաջիկա հանրաքվեի Շոտլանդիայի անկախության վերաբերյալ, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով BBC-ին:
Փետրվարի 13-ին շոտլանդական խորհրդարանի ներկայացուցիչը խոստացել է, որ անկախության դեպքում իր երկիրը Եվրամիության կազմում կմնա, որպես լիիրավ անդամ: Ընդ որում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Շոտլանդիան անկախության ստացման դեպքում չի կարող որպես արժույթ կիրառել բրիտանական ֆունտ ստերլինգը, ինչը որ ակնկալում են շոտլանդական իշխանությունները: Հիշեցնենք, որ շոտլանդացիները պետք է որոշեն, արդյոք իրենց երկիրը պետք է ինքնիշխանություն ձեռք բերի հանրաքվեում, որը նշանակված է սեպտեմբերի 18-ին: Դրական պատասխանի դեպքում Շոտլանդիան անկախ կհայտարարվի 2016թ.-ի մարտի 24-ին:



























