Վարչական դատարանը, փետրվարի 18-ին, որոշում է կայացրել 50 հազար դրամով տուգանել «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին, որի դեմ հայց էր ներկայացրել ոստիկանությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ ոստիկանությունը չի կարողացել ապացուցել,  թե որն է եղել այն օրինական պահանջը, որին, ըստ հայցի, ինքը չի ենթարկվել:

«Ոստիկանությունն այդ օրվա տեսանյութ ներկայացրեց, որը դատարանը քննեց: Տեսանյութում որեւէ կերպ չէր երեւում, որ որեւէ ոստիկան օրինական պահանջ է ներկայացրել ինձ:  Դատավորը ոստիկանության ներկայացուցիչներին մի քանի անգամ հարցրեց, թե կոնկրետ որ հատվածում եմ ես իրենց նշած օրինախախտումը կատարել, սակայն  նրանք դա այդպես էլ չկարողացան ասել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը:

Նա նշեց, որ դատական նիստին երեք ոստիկան էր  հրավիրվել որպես վկա, որոնք երեքն էլ կեղծ ցուցմունք են տվել: «Երեքից մեկը ընդհանրապես չէր ճանաչում ինձ, չնայած անգիր արած խոսքեր էր ասում, մյուսը մի կերպ ճանաչեց, անգամ շփոթեց փաստաբանիս հետ: Ծիծաղելի իրավիճակ էր: Իսկ երրորդ անձը ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն էր, ով հենց այդ օրը ինձ բերման ենթարկելու հրամանն էր տվել: Նա էլ իմ դեմ կեղծ ցուցմունք տվեց»,-ասաց Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ ինչպես միշտ դատավորի որոշումը ընդդիմադիր կողմի դեմ էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանին ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար  բերման էին ենթարկել Կոմիտասի պողոտայից՝ ոստիկանության փոխգնդապետ Մովսիսյանի ցուցումով: