«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկո ու «Բատկովշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկը հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Կլիչկոյի մամուլի քարտուղար Օկսանա Զինովեւան Twitter-ի իր էջում գրել է, որ Կլիչկոն եկել է Բանկովայի փողոց ու գնացել նախագահի հետ հանդիպման:Միեւնույն ժամանակ ընդդիմությունում առկա աղբյուրը Ինտերֆաքս-Ուկրաինային հաստատել է, որ պետության ղեկավարի հետ հանդիպմանը ներկա է Յացենյուկը:Իր հերթին «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի մամուլի քարտուղար Խրիստյա Ռավլյուկը հաղորդել է, որ Տյագնիբոկը նախագահի հետ հանդիպման չի գնացել, նա գտնվում է Անկախության մայդանում:

Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ժողովրդին ուղղված հայտարարությամբ հանդես կգա հեռուստաեթերից:Դրա հետ մեկտեղ LB.ua-ն նշում է, որ Անկախության Մայդանում, ինչպես նաեւ Սոֆիայի ու Միխայլովյան հրապարակներում անջատել են լույսերը, ակտիվիստները բերկուտայինների կողմից գրոհի են սպասում: