Ուկրաինական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Բատկովշչինա» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը Կիեւի Անկախության մայդանում ելույթի ժամանակ վիրավորվել է, հաղորդում է Ցենզոր.NET-ը: Ինչպես հայտարարել են, կրակել է դիպուկահարը: Այս պահին բժիշկները նրան օգնություն են ցույց տալիս:

Ինչպես հաղորդում է «Korrespondent»-ը, Մայդանում նռնակների պայթյուններ են տեղի ունենում: Ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետում: Բերկուտին կոչ են անում հետ քաշվել: Ուժայինները սկսել են ջրցան մեքենաներ կիրառել:

Իր հերթին «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Բատկովշչինայի» առաջնորդ Արսենի Յացենյուկը սպասում են Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը: Ավելի վաղ հաղորդում էին, որ հանդիպումը կայանում է: «Յանուկովիչը թաքնվում է: Կլիչկոն ու Յացենյուկը սպասում են մոտ մեկ ժամ: Ասում են՝ նախագահն ուր որ է կհանդիպի նրանց»,- Twitter-ի իր էջում գրում է «ՈւԴԱՌ»-ի մամուլի քարտուղար Օկսանա Զինովեւան: