Կիեւում սպանվել է «Վեստի» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերյոմին։ Մահվան պատճառը հրազենային վնասվածքն է եղել։
Հաղորդվում է, որ փետրվարի 18-ի ուշ երեկոյան Կիեւում դիմակներով, մահակներով եւ զենքերով անհայտ տղամարդիկ հարձակվել էին լրագրող Վյաչեսլավ Վերյոմիի եւ «Վեստիի» IT-մասնագետ Ալեքսեյ Լիմարենկոյի վրա:
«Վեստիի» աշխատակիցները տաքսիով աշխատանքից էին վերադառնում: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի տակ, բակից դուրս են վազել անհայտ տղամարդիկ եւ «Մոլոտովի կոկտեյլներ» նետել դնրա վրա, հայտնում է «Վեստին»:
Նրանք տաքսու վարորդին, Վյաչեսլավին եւ Ալեքսեյին դուրս են բերել մեքենայից եւ դաժանաբար ծեծել:
Վյաչեսլավն ստացել է կրծքավանդակի հրազենային վնասվածք եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Վիրահատություն է կատարվել, սակայն լրագրողին փրկել չի հաջողվել:
Նշենք, որ լրագրողը միայն փետրվարի 18-ին էր դուրս եկել աշխատանքի: Հունվարի 20-ին՝ Գրուշեւսկի փողոցի գրոհի ժամանակ, Վյաչեսլավը աչքի վնասվածք էր ստացել:
* Լուսանկարում Վյաչեսլավ Վերյոմին է հունվարի 20-ին Գրուշեւսկիի դեպքերից հետո։




























