Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդները խախտել են օրենքը՝ մարդկանց զենք վերցնելու կոչ անելով, եւ պետք է դատարանի առջեւ կանգնեն:
«Նրանք անցան սահմանը, երբ մարդկանց զենք վերցնելու կոչ արեցին: Իսկ դա օրենքի խախտում է: Օրինախախտները պետք է կանգնեն դատարանի առջեւ, որն էլ կսահմանի նրանց պատիժը: Դա իմ քմահաճույքը չէ, իմ պարտականությունն է՝ ապահովել խաղաղություն ամբողջ երկրում, քաղաքացիների հանգստությունը եւ արդարություն բոլորի համար», - ասված է Յանուկովիչի ուղերձում, որը հրապարակվել է փետրվարի 19-ի գիշերը՝ նախագահի կայքում:
Ուկրաինայի նախագահը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել անմիջապես հրաժարվել այն ծայրահեղ ուժերից, որոնք հրահրում են արյունահեղություն եւ բախումներ իրավապահ մարմինների հետ: «Կամ էլ, եթե չեն ցանկանում հեռանալ, պետք է ընդունեն, որ իրենք աջակցում են ծայրահեղականներին: Եվ այդ ժամանակ նրանց հետ այլ զրույց կլինի», - հավելել է նախագահը:
Ըստ Յանուկովիչի՝ ընդդիմադիր առաջնորդները արհամարհել են ժողովրդավարության հիմնական սկզբունքը։ Նա նշել է, որ իշխանություն ձեռք են բերում ոչ թե փողոցներում կամ հրապարակներում, այլ միայն ընտրատեղամասերում:
«Ես բազմիցս ասել եմ նրանց՝ շուտով ընտրություններ են: Եթե ժողովուրդը վստահում է ձեզ, իշխանության կգաք: Եթե չի վստահի, չեք գա: Սակայն եւ մեկը, եւ մյուսը պետք է օրինական տեղի ունենան, այնպես, ինչպես թելադրում է Ուկրաինայի Սահմանադրությունը», - ընդգծել է նախագահը, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:




























