ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ լուրջ մտահոգություն հայտնել Կիեւի իրավիճակի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է  Սպիտակ տան կայքը։

Մասնավորապես, նա Յանուկովիչին կոչ է արել հետ կանչել կառավարական ուժերին եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ ԱՄՆ-ի փոխնախագահը հասկացրել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է ցանկացած կողմից եկող բռնությունը, բայց կառավարությունը հատուկ պատասխանատվություն է կրում երկրում լարվածության սրացման համար։

Բացի այդ, Բայդենը կրկին ընդգծել է ընդդիմության առաջնորդների հետ  անհապաղ երկխոսություն սկսելու ակտուալությունը՝ բողոքողների օրինական պահանջները կատարելու եւ քաղաքական բարեփոխման լուրջ առաջարկություններ ներկայացնելու համար:

Իր հերթին Կիեւում բռնության սրացումից «ցնցված է» ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը: Այս մասին  հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Գլխավոր քարտուղարը ցնցված է եւ խորապես մտահոգված Ուկրաինայի մայրաքաղաքում բռնության սրացումով, որը հետագա զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել: Գլխավոր քարտուղարը երկու կողմերին էլ կոչ է անում կրկնապատկել ջանքերը՝ դրական միջոցներ ընդունելու  ուղղությամբ, ներառյալ ձերբակալված բողոքողների համաներումը եւ կառավարական շենքերի ազատումը», - ասվում է Նեսիրկիի հայտարարության մեջ:

Ըստ Նեսիրկիի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում «անմիջապես երկխոսությունը վերսկսել, որը կհանգեցնի արագ արդյունքների»: «Հետագա անկայունության եւ արյունահեղության կանխումը առաջնահերթ կարեւորություն ունի, եւ բոլոր կողմերը պետք է ձգտեն Ուկրաինան վերադարձնել բարգավաճման եւ ժողովրդավարության ուղի՝ որքան հնարավոր է շուտ», — նշվում է հայտարարության մեջ: