Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Լեոպալդո Լոպեսը փետրվարի 18-ին հանձնվել է իրավապահներին։
Լոպեսը փետրվարի 18-ին համակիրների հետ Կարակասում հանրահավաք է անցկացրել, ինչից հետո ոստիկաններին թույլ է տվել իրեն նստեցնել զրահապատ մեքենա եւ հեռացնել հրապարակից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Միաժամանակ Վենեսուելայի մայրաքաղաքի մյուս թաղամասերում Լոպեսի համակիրների բողոքի ցույցեր են սկսվել, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ոստիկանության եւ ցուցարարների բախումների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նշենք, որ Վենեսուելայի իշխանությունները Լեոպոլդո Լոպեսին մեղադրում են զանգվածային խռովություններում, որոնք տեղի էին ունեցել Կարակասում փետրվարի 12-ին: Զոհվել էր երեք մարդ, վիրավորվել՝ 60-ը:
Կարակասում մարդկանց մահանալուց հետո երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ թույլ չի տա փողոցային հանրահավաքներ, իսկ իրավապահ մարմինները ընդդիմության առաջնորդների, այդ թվում Լոպեսի, կալանավորման որոշում են կայացրել: Լոպեսի գտնվելու վայրը մի քանի օր անհայտ էր, միաժամանակ ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել նրա եւ նրա ծնողների տանը: Դրանից հետո Լոպեսը կոչ է արել իր կողմնակիցներին փետրվարի 18-ին հանրահավաքի ելնել Կարակասում՝ հայտարարելով, որ կմասնակցի այդ հանրահավաքին, ապա կհանձնվի իրավապահներին:




























