Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փետրվարի 18-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի անդամներին եւ քննարկել հայ-բրիտանական ռազմական համագործակցության եւ դրա ծավալների ընդլայնման հարցերը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության ապահովման խնդիրներին, ՀՀ անվտանգության քաղաքականությանը, մասնավորապես` Մաքսային միությանը ՀՀ անդամակցության, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների, ՀՀ-ում ՌԴ ռազմական ներկայության, ինչպես նաեւ հարեւանների հետ փոխհարաբերությունների համատեքստում:
Հյուրերի խնդրանքով ներկայացվել է սահմանային միջադեպերի, ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիոն գործողությունների, նշանառու կրակի վարման դինամիկան եւ պատճառները:
Արծարծվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



























