Ֆինանսական բուրգի գործով դատաքննությունը շարունակվում է: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 21-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Դրանից առաջ կայացել է եւս 4 նիստ:

Իսկ ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ  գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի առողջական վիճակը նորմալ է, լուրջ խնդիրներ չունի: Նա որոշ ժամանակ գտնվել է  «Էրեբունի» բ/կ-ում, «Դատապարտյալների հիվանդանոցում», անցել է բուժհետազոտություն եւ բուժման կուրս: «Նա այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության ներքո, բայց լուրջ խնդիր չկա, վիճակը նորմալ է»,- հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 41-ամյա Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: Քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178   հոդվածի  3 –րդ մասի  1-ին կետով: