Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Նիդերլանդների Թագավորությունում:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում կունենա Թագավորության  կրթության, մշակույթի եւ գիտության նախարար Յեթ Բուսեմակերի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն կրթության եւ գիտության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության զարգացման, շարժունակության շրջանակներում գործընկերային ծրագրերի իրականացման հետ  կապված հարցեր:

Նախատեսվում է նաեւ դասախոսություն Լեյդենի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար, հանդիպումներ Էդուարդո Ֆրեյ հիմնադրամի, Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի ներկայացուցիչների եւ հոլանդահայ համայնքի հետ: Այցի ընթացքում տեղի կունենա նաեւ հանդիպում «Միջազգային բակալավրիատ» /ՄԲ/ կազմակերպության ղեկավարության հետ: