Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անուղղակի կերպով զգուշացում է արել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ չմիջամտել մամուլին՝ այն անթույլատրելի համարելով։
Թուրքական Cumhurriyet պարբերականի լրագրողի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե մամուլի ազատությունը ժողովրդավարական երկրների հպարտությունն է եւ մշտապես ուժ է տալիս։
Լրագրողի այն խոսքին, որ համացանցում հայտնվել են ձայնագրություններ, որտեղ վարչապետ Էրդողանը հրահանգներ է տալիս լրատվամիջոցի ղեկավարներին, Աբդուլլահ Գյուլը պատասխանել է. «Ամեն մեկը պետք է իր գործն անի եւ իր համոզմուքներին հետեւի։ Լրատվամիջոցը պետք է անի այն, ինչը ճիշտ է։
Չպետք է միջամտել լրատվամիջոցների աշխատանքին: Չի կարող նման բան լինել»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Նշենք, որ վերջին շրջանում ինտերնետում հայտնվել էին գաղտնալսված հեռախոսազրույցներ, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրերի հետ կապված հրահանգներ է տալիս Haberturk-ի սեփականատեր Ֆաթիհ Սարաչին եւ գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին։



























