Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Haberturk-ի սեփականատեր Ֆաթիհ Սարաչի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցների հրապարակայնացումից հետո Haberturk-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըն իր վարած հաղորդման ժամանակ բարդ դրության մեջ է հայտնվել հեռուստադիտողների զանգերից։
Թուրքական Haberturk հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Թեքե թեք» հաղորդման ժամանակ հեռուստադիտողները զանգել են եւ նամակներ են ուղարկել «Ալո, Ֆաթիհ» արտահայտություններով։ Այս ամենը հունից հանել է հաղորդման վարող եւ Haberturk-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլըին, ով ասել է. «Մի խառնեք Ֆաթիհներին, ես որքան հասկացա, տարբեր Ֆաթիհների մասին է խոսքը»։
Նշենք, որ վերջին շրջանում ինտերնետում հայտնվել էին գաղտնալսված հեռախոսազրույցներ, որտեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրերի հետ կապված հրահանգներ է տալիս Haberturk-ի սեփականատեր Ֆաթիհ Սարաչին։
Այս հեռախսազրույցները մեծ արձագանք են գտել սոցկայքերում եւ նույնիսկ հումորներ են շրջանառվում «Ալո, Ֆաթիհ» զրույցի համատեքստում։



























