Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը փոխհրաձգության հետեւանքով հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու ամսական 30 հազար դրամ թոշակ են նշանակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված զինվորի հորեղբայրը՝ Հաբեթ Հովհաննիսյանը:

«Փաստաթղթերն արդեն հանձնել ենք, ասել են, որ մինչեւ մարտի 10-ը պարզ կլինի՝ երբվանից Արմենի ծնողները կսկսեն թոշակ ստանալ: Գիտենք, որ ամսական 30 հազար են տալու»,- ասաց Հաբեթ Հովհաննիսյանը:

Նշենք, որ մարտի 1-ին սպանված զինվորի քառասունքն է լինելու, որին ամենայն հավանականությամբ կմասնակցեն Արմենի զորամասի հրամանատարն ու ծառայակից ընկերները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով։

Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմենին հետմահու պարգեւատրել էր առաջին աստիճանի մեդալով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am