«Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանը առողջական վիճակի պատճառով չի մանսակցում փետրվարի 19-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական նիստին, սակայն փաստաբանի միջոցով նամակ է ուղարկել դատավորին։
«Իմ վիճակից ելնելով՝ հնարավոր է՝ չկարողանամ ներկա լինել նիստին: Ես դեմ չեմ իմ պաշտպանի միջնորդությանը, որ կատարվի դատաբժշկական եւ դատահոգեբուժական փորձաքննություն: Ես եւս միանում եմ այդ միջնորդությանը»,- գրել է ամբաստանյալը։
Եւս մեկ նամակ դատավորը փետրվարի 18-ին ստացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այն մասին, որ Քյարամ Ամոյանին զննել է հոգեբույժը եւ հայտնաբերել հիվանդություն, որը նրան թույլ չի տա մասնակցել այսօրվա նիստին։
Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ ելնելով նրանից, որ նախկին փորձաքննության տվյալներով՝ Ամոյանը ճանաչվել էր սահմանափակ մեղսունակ, եւ այս ժամանակահատվածում նրա վիճակը վատթարացել է, նշանակել դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ արդյոք նման հոգեվիճակով ամբաստանյալն ի վիճակի է մասնակցել դատաքննչական գործողությունների: Փաստաբանը ցանկություն հայտնեց, որ փորձաքննությունը կատարի Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր փորձագիտական հանձնաժողովը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Սամվել Հովհաննիսյանը նշել էր, որ Քյարամ Ամոյանը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, եւ նրան հարկավոր է տեղափոխել հոգեբուժարան: Փետրվարի 12-ին կայացած դատական նիստին Քյարամը նույնպես չէր մասնակցել առողջական խնդիրների պատճառով:
Մեղադրող կողմը նույնպես նշեց, որ համաձայն է, որ դատական նիստերը շարունակվեն առանց ամբաստանյալ Քյարամ Ամոյանի: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատին ներկա են նաեւ Քյարամ Ամոյանի հարազատները:
«Մեզ էս պահին դատական գործն էդքան էլ չի հետաքրքրում, ես անհանգստանում եմ իմ որդու առողջական վիճակի համար: Ես միայն ուզում եմ, որ արդար դատ լինի, չնայած համոզված եմ, որ որդիս այդ քայլը չի կատարել, բայց թող արդար դատ լինի եւ պատժվեն նրանք, ովքեր իրականում մեղավոր են»,- ընդմիջման ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամի մայրը՝ Կարինե Ամոյանը:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:



























