Արարատի մարզպետի արդեն նախկին տեղակալ Սամվել Մինասյանի համար նորություն չէր կառավարության՝ փետրվարի 19-ի կայացրած որոշումը ՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ:
«Նման պաշտոնների մարդկանց համար ոչ մի բանն էլ նորություն չի: Ուղղակի պետք է ճիշտ հասկանալ, գնահատել էս պահը: Կարծում եմ՝ ժամանակն ա, որ երիտասարդ կադրեր գան նոր մտածողությամբ, նոր հնարավորություններով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Մինասյանը՝ հերքելով, որ իր հեռացումը կապված է Հնաբերդի դպրոցի աղմուկի հետ:
Նշենք, որ Արարատի արդեն նախկին փոխմարզպետ Սամվել Մինասյանի անունը շահարկվում էր Հնաբերդի դպրոցի արդեն նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից հեռացնելու հետ: Անժելա Մեջլումյանը պնդում էր, որ «իրեն աշխատանքից անհիմն հեռացրել է հենց Սամվել Մինասյանը»: NEWS.am-ի հարցին, թե ինչքանով իր հեռացումը կապ ունի այս դեպքի հետ, Սամվել Մինասյանը պատասխանեց. «Չէ, չէ: Շատերը կուզենային դրա հետ կապել, բայց ոչ մի կապ չունի: Աշխատանքը, որ մարդ կատարում ա, ոչ իր ա կարծիքն ա, ոչ էլ ցանկությունը»:
Սամվել Մինասյանը, որն արդեն 10 տարի աշխատում էր փոխմարզպետի պաշտոնում, այս պահին չգիտի, թե ինչով է հետագայում զբաղվելու. «Էսօր մի հատ խելքի գամ, կորոշեմ՝ ինչ անեմ: Կարծում եմ՝ կաշխատեմ, չնայած թոշակի անցնելու տարիքս ա: 63 տարեկան եմ ես»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Սամվել Մինասյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Նրա փոխարեն Արարատի մարզպետի տեղակալ էր նշանակվել Աշոտ Վարդանյանը:



























