Փարիզի Նանտերե արվարձանում ձերբակալել են ֆրանսիացի միլիարդատեր սենատոր Սերժ Դասոյին:
Հաղորդվում է, որ Էսոն շրջանի 88-ամյա սենատորը կասկածվում է 2008-2010թթ. Կորբեյ-Էսոնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու մեջ: Դասոն Քորբեյ-Էսոնը գլխավորել է 1995-2009թթ., եւ ըստ ոմն Ռաշիդ Տումիի հայտարարության, քաղաքը նա մաֆիոզի պես է կառավարել:
Տումին Le Parisien-ում հրապարակված տեսաուղերձում հայտնել է, որ իրեն երկու անգամ փորձել են սպանել, որպեսզի չպատմի ընտրակաշառքներին ունեցած իր մասնակցության մասին:
Նշենք, որ 2008թ. Դասոն հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն արդյունքներն անվավեր էին ճանաչվել: 2009թ. ընտրություններին հաղթել էր Դասոյի համախոհ Ժան Պիեր Բահտերը:
Բեհտերին եւ Քորբեյ-Էսոնի քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Կրեստելա դե Օլիվեյրային արդեն մեղադրանք են ներկայացրել: Բեհտերը փետրվարի 12-ին զրկվել էր անձեռնմխելիությունից, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Դասոն Forbes-ի Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է չորրորդ եւ 69-րդ տեղը՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա կարողությունը գնահատվում է 13 միլիարդ եվրո: Նա գլխավորում է Dassault Group-ը, որին պատկանում է ֆրանսիական Le Figaro թերթը, եւ Dassault Aviation ընկերության գլխավոր բաժնետերն է, որը հիմնադրել էր իր հայրը:




























