Գյումրեցիները նույնպես միացել են պարտադիր կենսաթոշակային համակարգի պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը: Ակցիայի անցկացման օրը «Գյումրին մեր տունն է» խմբի անդամները պատահաբար չէին ընտրել. փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է, եւ գյումրեցիները որոշել էին օգտվելով առիթից ՀՀԿ Շիրակի մարզային կառույցին
նվիրել ՀՀ ԱԺ 2012թ. ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցող կուսակցությունների նախընտրական խոստումների գիրքը։
«Հիշեցնելու ենք ամեն ընտրության ժամանակ իրենց կողմից տրվող խոստումները, ներկայացնելու ենք պարտադիր կեսաթոշակային համակարգից հրաժարվելու պահանջն ու Գյումրիում աշխատատեղեր ստեղծելու վերջնագիր»,-ասաց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Արսեն Վարդանյանը:
Ակցիայից մի քանի օր առաջ երիտասարդները քաղաքում իրենց պահանջները ներկայացնող թռուցիկներ էին փակցրել։
«Գյումրիում աշխատատեղ չկա, էլ ինչի՞ են ստիպում անցնել էդ համակարգին, սա ի՞նչ պատժատեսակ է, աշխատատեղ բացեք, նոր հետպահումների օրենք մշակեք»,– ասացին խմբի ակտիվիստները:
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում երիտասարդներին ոչ ոք չընդունեց, ակցիայի մասնակիցները գնացին Գյումրիից ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի մոտ, որն ընդունեց երիտասարդներին ու խոստացավ նրանց պահանջները բարձրացնել ԱԺ առաջիկա նիստում։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շարունակելու են բարձրացնել իրենց բողոքի ձայնը. «Շատ քայլեր են լինելու, մենք դեռ մայրաքաղաք էլ կհասնենք, նախագահականի մոտ ցույց էլ կանենք, մտքներովս ինչ անցնի, անելու ենք»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Արսեն Վարդանայանը:


























