Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին ընդունեց «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
«Դատարանը որոշեց Քյարամ Ամոյանին դատահոգեբուժական փորձաքննության ուղարկել եւ պարզել երկու հարց. արդյոք վերջին փորձաքննությունից հետո Քյարամի վիճակը վատթարացել է, եւ արդյոք նա կարող է մասնակցել փորձաքննչական աշխատանքներին։ Փորձաքննությունը կկատարի Առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր փորձագիտական հանձնաժողովը»,- ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը:
Դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց եւ կկայանա մարտի 19-ին, երբ պատրաստ կլինեն փորձաքննության արդյունքները:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:



























