Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Ռեկտորատի, Արհմիութենական կազմակերպության կոմիտեն եւ Ուսանողական խորհուրդը համատեղ հայտարարություն են տարածել` ուղղված «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության դեմ:

Հաղորդագրությունում ասվում է.

«Էլեկտրոնային լրատվական միջոցներից տեղեկացանք «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությանը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) բակում փետրվարի 20-ին, ժամը 12.30-ին (երկար դասամիջոցի սկիզբ) ուսանողների եւ դասախոսական կազմի հետ բաց հանդիպում հրավիրելու մասին:

Առհասարակ, ճարտարագիտական համալսարանը ողջունում է ցանկացած քաղաքացիական նախաձեռնություն, որի իրականացումն առաջնորդվում է ՀՀ օրենքներով, եւ չի խաթարում որեւէ հաստատության բնականոն աշխատանքային գործունեությունը:

Առաջնորդվելով ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) առաքելության մի շարք դրույթներով, դրանք են` նպաստավոր գիտակրթական միջավայրի ստեղծումը, կրթական եւ գիտական ծրագրերի իրականացումը, կրթական հաստատությունում ուսումնական գործընթացի անձեռնամխելիության սկզբունքը, կոչ ենք անում «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը եւ այլ հասարակական, քաղաքական կազմակերպություններին ու շարժումներին ձեռնպահ մնալ նմանատիպ զանգվածային հանդիպում-հանրահավաքներ կազմակերպելու գաղափարից ուսումնական կազմակերպությունների` տվյալ դեպքում ՀՊՃՀ տարածքում, եւ չխանգարել ուսանողությանը` կրթվելու, գիտելիքներ, հմտություններ եւ կարողություններ ձեռք բերելու, իսկ աշխատակիցներին` աշխատելու եւ իրենց պարտականությունները պատշաճ կատարելու հարցում:

Անկախ այն փաստից, թե Պոլիտեխնիկի կոլեկտիվի եւ ուսանողության որ մասն է սատարում նախաձեռնությանը, համոզված ենք, որ մեծ դասամիջոցի ընթացքում ՀՊՃՀ տարածքում ցանկացած նմանատիպ միջոցառում անխուսափելիորեն կխաթարի ուսումնական գործընթացը:

Քննարկվող խնդիրը կարեւոր համարելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում եւ տեղյակ լինելով հասարակական վերաբերմունքում տեղ գտած բազմակարծությանը` այդուհանդերձ, կարծում ենք, որ համալսարանական միջավայրը այդօրինակ ակցիաների համար նպատակահարմար հարթակ չէ:

Բարի լինենք ուժեղ տնտեսության հիմքեր ստեղծել եւ այն սպասարկելու գործը խղճով կատարել, եւ ոչ թե երթերի եւ հանրահավաքների միջոցով կորցնել առանց այդ էլ խիստ սահմանափակ միջոցներն ու ժամանակը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է բողոքի ակցիա կազմակերպել ՀՊՃՀ-ի բակում: