Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ փետրվարի 20-ին, կկայանա Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀԿ-ից:

Գործադիր մարմնի նիստը մեկնարկելու է ժամը 20.00-ին, խորհրդի նիստ նախատեսված չէ: ԳՄ-ում քննարկվելիք հարցերը հայտնի չեն, օրակարգը կձեւավորվի տեղում:

Նշենք, որ նախորդ շաբաթ կայացել է ԲՀԿ եւ ԵԿՄ համագումարները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոշտ գնահատականներ է հնչեցրել իշխանության գործունեության հասցեին: Համագումարից հետո կայացած ճեպազրույցում ԲՀԿ-ականները չեն բացառել անգամ նախագահի հրաժարականը պահանջելու հարցի քննարկումը ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների հետ: Կանդրադառնան ՀՀԿ-ականները իրենց նիստում ԲՀԿ համագումարին եւ Ծառուկյանի ելույթին, հայտնի կդառնա վաղը: