Դավթաշեն եւ Արաբկիր շրջաններում «Տոնուս» ընկերության կողմից կառուցված շենքերում բնակարաններ գնած քաղաքացիները մինչեւ փետրվարի վերջ պետք է հանդիպեն «Արցախ» բանկի ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից տուժած քաղաքացիներից մեկը` Փափազյան փողոցում կառուցված շենքից բնակարան գնած երգիչ Արթուր Իսպիրյանը:

Նա նշեց, որ մինչեւ փետրվարի վերջ կամ ամենաուշը մարտի կես պետք է հանդիպեն բանկի ներկայացուցիչների հետ եւ վերջնական համաձայնության գան: «Այժմ վերահաշվարկ են անում, մինչեւ ամառվա վերջ պետք է շենքի աշխատանքները ավարտին հասցնեն եւ մեզ տան մեր բնակարաններրը: Արդեն բնակիչներին կանչել են, փաստաթղթեր, տվյալներ են ուզել: Մի քանի ամսվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, ես դրական եմ տրամադրված»,- ասաց Արթուր Իսպիրյանը:

Հարցին, թե եթե այս անգամ էլ բանկը խաբի բնակիչներին՝ երգիչը այսպես պատասխան՝ «որ խաբեն, շատ կբարկանանք»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին։ Նոյեմբերի 14-ին խաբված բնակարանատերերը ներխուժել էին Սայաթ Նովա փողոցում գտնվող «Արցախբանկի» Նաիրիի մասնաճյուղ, հանդիպեցին կառավարչի հետ, սակայն ոչինչ չէր փոխվել։