Արարատի մարզի արդեն նախկին փոխմարզպետ Սամվել Մինասյանը համոզված է, որ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը «Գրին քարտ» չի շահել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու մտադրություն չունի:
«Չէ, ո՞ւր գնա, նոր ա քաղաքապետ ընտրվել: Նման բան իհարկե չկա: Նա շատ լուրջ կարգին մարդ ա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվել Մինասյանը՝ հերքելով լուրերն այն մասին, թե Արարատի նորընտիր քաղաքապետ Հայկ Հայկյանը պատրաստվում է արտագաղթել:
Նշենք, որ Արարատում նոյեմբերին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել էր իշխող Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Հայկյանը, ում հովանավորում էր Արարատի ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Սամվել Մինասյանի խոսքով՝ Հայկ Հայկյանը կարողանում է լուծել իր առջեւ դրված բոլոր խնդիրները. «Մինչեւ քաղաքապետ ընտրվելը՝ նա արդեն պատրաստ էր թե հոգեբանորեն, թե մտածողությամբ ու հիմա նորմալ աշխատում ա»:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է՝ մամուլում լուրեր են պտտվում, թե նոյեմբերին Արարատի քաղաքապետ ընտրված Հայկ Հայկյանը «Գրին քարտ» է շահել ու պատրաստվում է արտերկիր մեկնել: «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր. «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի քաղաքապետն իրոք «Գրին քարտ» շահել է։ Նրա մեկնելուն խանգարել են Հայկյանի հովանավորներ Գրիգորյան եղբայրները՝ Արարատի մարզպետն ու ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը։ Նրանք սպառնացել են վերջինիս եւ պարտադրել չհեռանալ երկրից։ Հիշեցնենք, որ Արարատի մարզպետն ու Ավշարի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը հսկայական գումարներ էին ծախսել, որպեսզի Հայկյանը, այսինքն՝ ՀՀԿ թեկնածուն հաղթի ԲՀԿ թեկնածուի դեմ պայքարում»։



























