Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից, «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է հրադադարի մասին, որի շուրջ պայմանավորվածություն է ձեռքբերվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է Liga.net կայքը:  

«Դրական նորություն կա, գրոհն ու մաքրումը, որ նախատեսված էր, չեղյալ է հայտարարվել: Այժմ հրադադար է հայտարարվել եւ իրավիճակը կայունացնելու բանակցություններ են սկսվել»,- Յացենյուկի խոսքերը մեջբերում է «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:

Ուկրաինայի նախագահի կայքում էլ ասվում է, թե կողմերը հանդիպման արդյունքում հրադադար են հայտարարել եւ բանակցություններ են վարում:

Մինչդեռ Censor.net-ի փոխանցմամբ, Մայդանում ոչ բոլորն են հավատում Յանուկովիչին եւ ակտիվորեն պատրաստվում են ետ մղել հնարավոր գրոհը: