«Հրապարակը» գրում է. «Մոսկվայի Սայանսկի փողոցում 2012 թվականի դեկտեմբերի 17-ին կատարված մահափորձը քրեական «հեղինակություն» համարվող, ծագումով գավառեցի Ռաֆիկ Մադոյանի վրա մեծ աղմուկ եւ հետաքննությունների ալիք բարձրացրեց թե Հայաստանում, թե Ռուսաստանում:

Մադոյանը, որը մոսկովյան «Շաշլիկ-մաշլիկ» եւ «Նանի տուն» ընկերությունների սեփականատերն է եւ Դեդ Հասանի մերձավորներից, թիկնապահի հետ ավտոմեքենայով տուն գնալիս էր եղել եւ ավտոմեքենայից իջնելիս վիրավորվել էր դիպուկահարի կրակից: Այստեղ գործի քննությամբ զբաղվում էր ոստիկանության հատուկ կարեւորության գործերով վարչությունը, որը 2013 թվականի մայիսին 6 հոգու էր կալանավորել այս գործի շրջանակներում, գրեթե ոչ մի քննչական գործողություն ձերբակալվածների հետ չէր կատարում, իսկ հունվարի վերջին վերջիններիս բաց են թողել: Նրանց թվում էին Տավուշի մարզի Բերդավան գյուղի 43-ամյա բնակիչ, ազատամարտիկ Վարուժան Քարիմյանը, Սարգիս Զազյանը, գործարար, «Նուշիկյան» հրատարակչության տնօրեն Մարտին Ծերունյանը:

Կալանավորված անձինք մեղադրվում էին սպանությունը նախապատրաստող հանցագործ խմբի անդամներ լինելու մեջ, իսկ նրանց փաստաբանները կտրականապես հերքում էին մեղադրանքը, վստահեցնելով, որ իրենց պաշտպանյալների մեղքը ոչ մի կերպ չի ապացուցվում:

Նրանցից մեկը՝  Ծերունյանի շահերի պաշտպան Սամվել Ջաղինյանը, դեկտեմբերին դիմել էր դատարան, նաեւ Գլխավոր դատախազություն՝ վիճարկելով դատախազի անգործությունը եւ պահանջելով դադարեցնել իր պաշտպանյալի քրեական հետապնդումը: Դեկտեմբերի վերջին ազատ արձակվեց Մարտին Ծերունյանը, իսկ մեկ ամիս անց՝ մյուսները:

Քննչական մարմինը, փաստորեն, չկարողացավ ապացուցել կալանավորվածների մեղավորությունը եւ նրանց բաց թողեց, այսպիսով, ակամայից ընդունելով, որ նրանք շուրջ տարիուկես ապօրինաբար պահվել են քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, ոմն Հովհաննես Ղամարյան, Ռաֆիկ Մադոյանի հետ անբարյացակամ հարաբերություններ ունենալով, դիմել էր Սարգիս Զազյանին եւ Դավիթ Զիրոյանին՝ Մադոյանի սպանությունը կազմակերպելու համար, ինչի դիմաց նրանց խոստացել էր 500 հազար ԱՄՆ դոլար եւ առանձնատուն Իսպանիայում: Մեր տեղեկություններով, գործը կարճված չէ, այլ ընդամենը փոխել են մեղադրյալների խափանման միջոցը՝ կալանքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում