Փետրվարի 20-ին Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հրավերով Կիեւ կայցելեն  Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի արտգործնախարարները` Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Լորան Ֆաբիուսը եւ Ռոդիսլավ Սիկորսկին: Այդ մասին Ուկրաինայի արտգործնախարարը հայտնել է CNN-ին:

«Ես զանգահարեցի իմ գործընկերներին եւ նրանց Կիեւ հրավիրեցի: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ուկրաինայում իրավիճակի նկատմամբ Արեւմուտքի մոտեցումը հավասարակաշռված լինի: Հասկանում ենք, որ դա ընկալման հարց է: «Նարնջագոյն հեղափոխության» տարիներից Ուկրաինայի ընդդիմությունը եվրոպամետ եւ ժողովրդամետ քաղաքական ուժ է համարվում, եւ հակառակը,  իշխող կուսակցության վերաբերող ամեն ինչ ընկալվել է որպես հակաեվրոպական եւ հակադեմոկրատական:  Դա միանգամայն սխալ է: Այդ պատճառով էլ ցանկանում ենք, որ արտգործնախարարները գան Ուկրաինա, ամեն ինչ տեսնեն իրենց աչքերով եւ սեփական  պատկերացումը կազմեն», - ասել է Կոժարան:

Ըստ նրա` Ուկրաինայում չեն ցանկանում մանրադրամ դառնալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: 

«Այսօր մեծ քանակությամբ այցելուներ են ժամանում Կիեւ Արեւմուտքից, այլ ոչ` Արեւելքից:  Ուկրաինայի ժողովուրդը չի ցանկանում, որպեսզի երկիրը մանրադրամ դառնա Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Իր ճակատագիրն ինքնուրույն լուծելը ուկրաինցիների իրավունքն է: Իհարկե, խաղաղ երկխոսությունն սկսելուն նպաստող ցանկացած նախաձեռնություն կողջունվի», - նշել է Ուկրաինայի արտգործնախարարը, հայտնում է «Կորեսպոնդենտը»` վկայակոչելով  CNN-ը: